ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ այս մասին որոշումը կայացվել է այսօր՝ ավագանու նիստում։
Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանը ծնվել է 1924 թ. ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարական ֆակուլտետներում: 1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը:
1964-65 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966 թ. ստեղծել է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչ 1972 թ. եղել դրա տնօրենը: 1981թվականից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է:
Բալյանը պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







