1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հետաձգեց Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելուն։ Եվ այսօր պետք է բանավոր ընթացակարգով սկսվեր գործի դատաքննությունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։ Որպես հիմնավորում ՍԴ- ն նշում է, թե լրացուցիչ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա։
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Վեց թեկնածուներից մրցույթը հաղթել են երկու մասնակիցներ՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը։
Արդեն նրանցից մեկին պետք է ընտրի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ եռօրյա ժամկետում նշանակելով տնօրեն։ Տարածված տեղեկությունների համաձայն, Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ տեղի է ունեցել ԱԺ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Երեկ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արտակարգ իրավիճակների նախարար Լևոն Մնացականյանը:
Նկատենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, թե ՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչեւ 400 հեկտար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի ընթացքում այս հարցը գլխավորներից մեկն է եղել ևհանձնաժողովի անդամները փորձել են և ցանկացել են հենց նախկին նախարարից իմանալ՝ ի վերջո կորուստը քանի հեկտար է եղել և արդյոք Սերժ Սարգսյանը ստել է։
Ընդ որում, նրանք Մնացականյանին հիմնականում տվել են այն հարցերը, որոնք պետք է տային ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, սակայն չեն կարողացել։
Իսկ Մնացականյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում պատմել է այն, ինչ 5-րդ հեռուստաալիքի նկարահանած հայտնի ֆիլմում է ասել:
4․ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիև նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։
«Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասել է թերթի աղբյուրը:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերևույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։
Լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, և մի խանգարող հանգամանք էլ կա․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների լիազորություններն ավարտվել են՝ նոր անդամներ պետք է նշանակվեն։
6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջև է կանգնել. «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ չեն փոխանցել մարտ ամսվա պարգևավճարները կորոնավիրուսի կանխարգելման ֆոնդին, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, և նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի առջև հարց բարձրացնել. «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը, այդ փողը մեզ էլ է պետք»: Իսկ այս օրերին խորհրդարանում պատրաստվում են 3 ամսվա պարգևավճարները ևս փոխանցել կորոնավիրուսի ֆոնդին:
Թերթի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որևէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել։
7․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պետական ապարատում նոր «չիստկա» են սկսելու։ Սա կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հայտարարած «խաչակրաց արշավանքի» հետ, երբ նա իր «լայվերից» մեկում հայտարարեց, որ հեղափոխության նոր ալիք է սկսվում, որի շրջանակներում պետք է ողջ պետական համակարգը «մաքրել Սերժի մնացորդներից»։ Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, «Սերժի մնացորդներից» մաքրելու նպատակով վարչապետի աշխատակազմն արդեն իսկ Փաշինյանին է ներկայացրել պետական համակարգում աշխատողների ամբողջական ցուցակը, որտեղ հանգամանալից ներկայացված է, թե յուրաքանչյուր աշխատակից ինչ քաղաքական թիմի անդամ է և երբ է ընդունվել աշխատանքի։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության համար «անցանկալի» կադրերը գլխավորապես միջին օղակի պաշտոնյաներ են, որոնք առաջիկայում հրաժեշտ կտան իրենց զբաղեցրած պաշտոններին։
8․ «Իրատես» թերթը գրում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին կայքը ևս գործում է։ Ստացվում է ՝ երկու նախարար ունենք՝ Արտեմ Ասատրյան և Զարուհի Բաթոյան։ Քաղաքացին չգիտի` որ մեկին դիմի։ Նախարարությունը երկու կայք է միաժամանակ պահում, ինչը շփոթության տեղիք է տալիս և քաղաքացին չգիտի, թե որն է դրանցից պաշտոնականը, որին դիմի աջակցության ծրագրերում ներառվելու համար։
9․ «Իրատես» թերթը գրում է, որ ասում են, թե Ռուսաստանը պատրաստվում է ոչ միայն Հայաստանի մի շարք դատավորների, որոնց որոշումներում իրավականի փոխարեն քաղաքական մոտիվացիան է գերակշռել (տրվում են Արմեն Դանիելյանի, Աննա Դանիբեկյանի, Արտուշ Գաբրիելյանի անունները) նկատմամբ սանկցիաներ կիրառել` կապված Ռուսաստանում նրանց գույքային, ֆինանսական շարժերի հետ, ընդհուպ մինչև Ռուսաստանի մուտքի արգելափակում, այլև նույնական սանկցիաներ են կիրառվելու այն դատախազների և քննիչների մասով, որոնք հիմնականում ,զբաղված են եղել մարտի մեկի գործով: Ի դեպ, խնդիրը միայն նրանց չի առնչվելու, որոշումը տարածվելու է նաև նրանց բարեկամ-հարազատների` Ռուսաստանում ունեցած ֆինանսական շարժերի, կապերի վրա։ Դրանք ևս վերցվելու են, վերահսկողության տակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






