Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:
Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ
Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







