Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներով տարածվող տեղեկությանը, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:
«Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ նախարարն առհասարակ մասնակցություն չունի: Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք: Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաև հարցազրույցի փուլերը: Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»,-գրել է ԱՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կադրային քաղաքականությանը և նշել, որ Արդարադատության նախարարն իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:
Մալյանը նաև տեղեկացրել է, որ նախարար Բադասյանի մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է նախարարության աշխատակազմի քարտուղար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







