«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», — գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։
«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարևոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա»,-այսպիսի նախաբանով է սկսվում հոդվածը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է ողջ մարդկության, որքան և հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է:
Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:
Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ և հանուն մարդկության ապագայի»,-գրել է Արմեն Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







