Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակին նախագահին և հայ ժողովրդին է հղել իր լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները:
«Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից»,- նշել է նա:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ անցյալ տարի իր երկիրը, համաձայն իր ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Նրա տեղեկացմամբ՝ խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ այս տարի օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ:
«Այդ ժառանգությունը և համատեղ հիշողությունն են մեր երկու երկրների միջև այսքան յուրահատուկ հարաբերության հիմք հանդիսանում: Այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին մենք կդիմագրավենք միասին։ Եվ ես համոզված եմ, որ Ֆրանսիան և Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության:
Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ»,- ասված է ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






