Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը,վարչապետը ցավակցել է նրա բոլոր հարազատներին և մտերիմներին։
«Ասո Դավիդյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և կարկառուն դեմքերից էր, ով հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր գիտնական և գործարար, այլ նաև մեկենաս և առատաձեռն բարերար»։
Վարչապետը նշել է, որ մեծ դրվատանքի և երախտագիտության է արժանի հատկապես Հայաստանին ցուցաբերած նրա բազմամյա օժանդակությունը։ Հայաստանի անկախության տարիներին նրա միջոցներով և ջանքերով շուրջ երեք հարյուր պետական ծառայող և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կրթություն են ստացել և վերապատրաստվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
«Ասո Դավիդյանը բովանդակալից և հագեցած կյանք է ապրել։ Նրա անցած ուղին և դավանած բարձր արժեքներն օրինակելի են մեր հասարակության և հատկապես երիտասարդ սերնդի համար։
Աստված հոգին լուսավորի»,- ասված է ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







