1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացումը` մինչև հայցի ապահովումը: Եվ չնայած համաճարակով պայմանավորված մի շարք սահմանափակումներին Երևանի քաղաքային իշխանությունը որոշել է մի քանի օր անց` ապրիլի 27-ին նշված թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները կմիանան ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և կվերակազմակերպվեն։
Նախագծում նշվում է, որ ֆիզիկապես Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երկար դեգերումներից հետո իշխանությունը վերջապես գտել է Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին Իջևանի քաղաքապետ դարձնելու ուղին։
Շուրջ 1 տարի է՝ իշխանությունը տարբեր պատրվակներով հետաձգում է քաղաքապետի ընտրությունները, քանի որ վստահ չեն, թե Ղալումյանն այնքան վարկանիշ ունի, որ կընտրվի։ Մտածել են որ հարցը կլուծեն Իջևանի խոշորացման ծրագրով, որ միավորված համայնքապետերն աշխատեն Ղալումյանի համար։
Ընտրության օր նշանակեցին հունիսի 14-ը։ Սակայն դա էլ հետաձգվեց։ 2 շաբաթ առաջ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման՝ նույն խոշորացման նախագծում օրենքի կիրառման ժամկետ են նշել՝ «6 ամսվա ընթացքում»։
4․ «Փաստ» թերթը գրում է, որ 2018 թվականի նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ համապատասխան որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության, որի համաձայն՝ մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք` 30 մլն դրամի չափով: 2019 թ.-ի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվներից պետական գույքն օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ են եղել նշյալ հարցում հստակություն մտցնելու գործին։
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ երեկ Փաշինյանն իր աշխատակազմին հրատապ կարգով հանձնարարել է ստեղծել մի հանձնաժողով, որը բավական սեղմ ժամկետներում պետք է խնդրի լուծման տարբերակներ ներկայացնի կառավարությանը:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը, ըստ մասնագետի, անալիզներն են։ Խնդիրն այն է, որ անալիզները վերցնում-ուղարկում են ուսումնասիրության` հիվանդությունների վերահսկման-կանխարգելման կենտրոն, ինֆեկցիոն հիվանդանոց, Պրոմտեստ, իսկ պատասխաններն ուշանում են։
Երբեմն մոտ 3 օր, արդյունքում պետությունը կարանտինում գտնվողների վրա լրացուցիչ ծախս է անում, հիվանդն է հոգեբանական բարդ վիճակում հայտնվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






