Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին։ Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ մեր պնդումներն են՝
«1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են:
2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված:
3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել:
4. Փուլային տարբերակ չկա:
Ինչին հաադրվում է Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»»:
Հիշեցնենք՝ երեկ Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:
Արտգործնախարարը պարզաբանել է, որ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է։
Արձագանքելով Լավրովի հայտարարությանը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ 2014թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մնացականյանն ընդգծել է, որ հնարավոր չէ բանակցությունների սեղանին մեկ այլ բան քննարկել, բայց այլ բան ներկայացնել՝ «զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







