Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնել է, որ նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել, և կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել:
«Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության», գրել է Թորոսյանը։
Նախարարը նաև հայտնել է, որ միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:
Թորոսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







