Արցախի հարցում մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ»,- գրել է Ռուբինյանը։
Պատգամավորը նշել է, որ այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։
«Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը»,- գրել է Ռուբինյանը՝ հավելելով, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։
Ռուբինյանը նաև նշել է, որ հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։
Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։
Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։
Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






