1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, և եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին:
Սակայն մամուլի խոսնակը թերթի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են»։
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին մի շարք պաշտոնների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել:
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին մասնակցել է նաև Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել և դիմել է դատարան։
Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին և 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը և անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները և Երևանի քաղաքապետի կարգադրությունները:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլի 25-ին պատգամավորները կորոնավիրուսի թեստեր են հանձնելու։ ԱԺ-ում խուճապ էր՝ լուր էր տարածվել, որ վարակման դեպք է գրանցվել, սակայն ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը հերքեց այդ լուրը՝ պրոֆիլակտիկ թեստավորում է։ Տեղեկություն էր ստացվել նաև, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել։
Նա ասել է, որ հիմա թոքաբորբ է տանում, մոտ 2 շաբաթ առաջ թեստավորվել եմ, հետո երկրորդ անգամ են թեստավորել, օրերս էլ՝ երրորդ։ Թեստերի պատասխանները, մեղմ ասած, չեն համապատասխանում այն ախտանիշներին, որոնք արձանագրել են բժիշկները։ Թեստերն, ըստ պատգամավորի, բացասական են:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո նախագահի հաղթող թեկնածու Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների փուլ է սկսել: Նպատակը՝ խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովումն է, որը, ամենայն հավանականությամբ, կապահովվի ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի 2 և ՀՅԴ-ի 3 մանդատների շնորհիվ: Արդյունքում այդ ուժերը նախարարական պորտֆել կստանան կառավարությունում:
Չի բացառվում, որ ԱԺ մուտք չգործած ուժերի և անհատների հետ ևս քաղաքական պայմանավորվածություններ լինեն: Վիտալի Բալասանյանն իր քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի ընդդիմադիր հիմնական թևն իրենք են լինելու, և այս պայմաններում նպատակահարմար չի գտնում որևէ ձևաչափով համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ։
Սամվել Բաբայանը չնայած կամուրջները չի այրել, սակայն այս փուլում ինքն էլ նպատակահարմարություն չի տեսնում: Իրավիճակի այս սցենարով գնալու դեպքում խորհրդարանի 33 մանդատներից 21-ը կտնօրինի իշխող քաղաքական թիմը, իսկ 12-ը՝ ընդդիմությունը:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է։ Թերթի տեղեկություններով՝ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել, որ չգնա։
Նշվում է, որ Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու «Արարատ բանկում»՝ որպես խորհրդի նախագահ։ Բանկը, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Իսկ Հովհաննիսյանը Բարսեղ Բեգլարյանի սանիկն է:
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երբ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին` պատասխանելու հարցերին, պարզվում է՝ դրանք մի շարք նոր հարցեր են առաջ քաշել: Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տված տվյալների հիման վրա հանձնաժողովն այս օրերին քննարկում է ևս մի քանի անձի հրավիրելու և արդեն վերջնական եզրակացության տալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն քննարկվել է ապրիլի 27-ին նիստ հրավիրելու հարցը, որտեղ հնարավոր է վերը նշված ցանկի պաշտոնյաններից մեկը ներկա գտնվի:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ, ով հաստատել է առաջիկա նիստի մասին լուրը:
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես բանակում չծառայած Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»:
Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երևույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք հիմա խոսում եք մի քանի միլիոնի մասին, ու եթե այդ բացահայտումներն այդ մեծ թվերի մեջ շատ չնչին տոկոս են կազմում, ապա պետք է հասկանալ՝ որքան լավ է եղել վիճակը, որ ընդամենը այդքան փոքրիկ բացահայտումներից եք խոսում»:
Հետաքրքիր դրվագ է արձանագրվել զոհերի թվի հարցի ժամանակ․ Արեն Մկրտչյանը փորձել է ճշտել` Ադրբեջանն արդյոք հասե՞լ է իր քաղաքական նպատակներին,և իրականում ինչքան զոհ է եղել: Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ինձ չեք հավատում, գոնե ձեր վարչապետին հավատացեք, նա իր ասուլիսում նշել է թվերը, ասել է, որ Ադրբեջանի կողմից 1000-ից ավել զոհ է եղել»:
Ինչ վերաբերում է 800 կամ 400 հեկտար հողի կորստին, Սարգսյանն ասել է` ֆիլմի ռեժիսուրային վերաբերող հարցեր մի տվեք. ես տարբեր հաշվարկների մեթոդաբանությունը հաշվի առնելով եմ սկզբում մեծ թիվ նշել, որ հետագայում շահարկման թեմա չդառնա` իրականում 400 է: Քննարկման ընթացքում փոխադարձ հարցուպատասխանի արդյունքում Արեն Մկրտչյանը հարցրել է, թե ինչու է հետախուզությունը թերացել։ Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքել է` հետախուզության համար պատասխանատուին դուք շատ բարձր եք գնահատել` մի քանի անգամ բարձր պաշտոնի եք նշանակել, ես իրեն թերացման համար աշխատանքից ազատել էի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






