«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի վերաբացումից հետո ստեղծվել է 8 քննիչից կազմված քննչական խումբ, իսկ դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարվել է 3 դատախազից կազմված դատախազական խմբին: Հանրային հեռուստատեսության լրատվական էջի փոխանցմամբ, նշված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ:
Այս քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:
Նշվում է, որ քրեական գործի առանձնահատկություններով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին տրված ցուցումով ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված 8 քննիչներից, իսկ տվյալ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարվել է 3 դատախազից կազմված դատախազական խմբին։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել 57 հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստական տվյալները, նախանշվել են հանցագործության համակողմանի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների հիմնական ուղղությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







