Տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում․ ինչ շահարկումներ ասես արել են Ապրիլյանի մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը հանձնաժողովի աշխատանքներն արդարացված է համարում։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից 4 տարի հետո ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին, բայց Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել և, եթե խորհրդարանին նման եզրակացություն տա, կստացվի այսքան տարի շահարկվել է ապրիլյան պատերազմի կոնկրետ այդ հանգամանքները, և շահարկողները պետք է պատասխան տան, որովհետև բանակի անվան հետ են խաղացել»,– ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ եթե ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը թերություններ գտնի, մենք՝ որպես պետություն, և բանակը, պետք է դրանից հետևություններ և շտկումներ անենք։
«Եթե թերություններ եղել են, պետք է դասեր քաղենք, որ ապագայում մեր հայրենիքի վրա նմանատիպ հարձակումներին ավելի պատրաստ լինենք։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հանձնաժողովի զեկույցն ունենանք, և այդ էջը դրանով փակենք՝ ապագայի համար դասեր քաղելով», — ասաց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






