Պատգամավորները մոտավորապես 150 հազար դրամ պարգևավճար են ստանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դժգոհությունների առիթ դարձած պատգամավորների պարգևավճարներին:
«Վճարման տարբեր սանդղակներ կան, կարող եմ նաև մասնավոր ընկերություններից և միջազգային տարբեր ընկերություններում աշխատելու իմ փորձից ասել, սա սկզբունք է աշխարհում. վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով, որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա կա օրենքով սահմանված սանդղակ: Սա, իհարկե, չափազանց չոր մոտեցում կլիներ, եթե սրանով սահմանափակվեի, բայց կա մեդալի մյուս կողմը՝ անապահովություն, և չի կարելի ասել՝ եթե պատասխանատվությունը շատ է, դու պետք է ստանաս 10 միլիոն դրամ, կենսաթոշակառուն՝ 30 000 դրամ»,- նկատեց ԱԺ նախագահը։
Նա խորհուրդ տվեց չմոռանալ նաև մի հանգամանք. պետական համակարգը պրոֆեսիոնալների կարիք ունի։
«Ծառայությունը՝ ծառայություն, բայց ինչ-որ մեկը ունի հիփոթեքային վարկ, սրանք մարդիկ են, որ չունեն այլ բիզնեսներ, եկամուտները, առավոտից երեկո աշխատում են այստեղ, ջանքեր են ներդնում, որ լավացնեն մարդկանց կյանքը, դրա համար վճարվում են»,- ասաց նա:
Միրզոյանը տեղեկացրեց՝ պարգևավճար ստանում են ոչ միայն պատգամավորները, այլև ԱԺ բոլոր 700 աշխատակիցները: Վերջիններս ունեն օրենքով նախատեսված 30 տոկոսի չափով պարգևավճար, այդ ֆոնդը սահմանված է:
ԱԺ նախագահը, խոսելով պարգևավճարները կորոնավիրուսի դեմ պայքարին փոխանցելու մասին, ասաց, որ մամուլից տեղեկացել է, որ դժգոհություններ են եղել, սակայն որևէ մեկն իրեն անձամբ չի դիմել և չի հայտնել այդ մասին: Նա նշեց, որ միայն պատգամավորների պարգևավճարներն են փոխանցվել:
«Եղել են պատգամավորներ, որոնք պարգևավճարները չեն փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին, քանի որ արդեն փոխանցած են եղել կամ ընտրված են եղել մարզերից: Ամեն դեպքում, գրեթե բոլորի պարգևավճարը փոխանցվել է: Մի քիչ դժվար որոշում էր, սակայն ես կայացրի այն»-ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






