ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը շատ լավ է համարում։ Նա նկատեց, որ շատ խորությամբ հանձնաժողովի աշխատանքներին տեղյակ չէ, բայց հույս հայտնեց, որ երբ ժամկետը սպառվի, ու աշխատանքներն ավարտվեն, ամբողջական տեղեկատվություն կստանա հասարակությունը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ ԱԺ գալուն և հայտարարությանը, թե արտակարգ դրությունից հետո կպատասխանի ապրիլյան իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերին, Միրզոյանը նշեց, որ նրանք հանդիպում են անցկացրել մինչև ուշ երեկո։ Հրավերը հանձնաժողովի կողմից է եղել։
«Վստահ եմ, որ հանձնաժողովը կազմակերպել է և դիմավորումը, և ճանապարհումը։ ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու միջանցք կա, Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով գնալ։ Արվել է այն ամենն, ինչ անհրաժեշտ է», — ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահն ընդգծեց, որ չգիտի ինչ է ցանկացել ասել լրատվամիջոցներին ՀՀ երրորդ նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը ազատ և ժողովրդավարական պետություն է, և ցանկացած ոք ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել իր կարծիքը։
«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունում մեր վերջին շրջանի պատմության հետ կապված որևէ մութ հարց չպետք է մնա։ Ցանկացած հարց, որը հուզում է հասարակությանը, պետք է քննվի»,- նշեց Միրզոյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ ինքն արդարացված է համարում հանձնաժողովի աշխատանքները:
«Բացահատումներ արել են, գնահատականի հարց է, թե ինչ տրամաչափի։ Եկեք սպասենք, տեսնենք», — ասաց նա։
Իսկ ՀՀ առաջին նախագահի տարածած հայտարարության մասին ԱԺ նախագահը նշեց, որ կարդացել է այն ու դրական է վերաբերվում դրան։
«Էլի եմ ասում՝ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է իր դիրքորոշումը հայտնել։ Կարդացի պարոն Տեր-Պետրոսյանի դիքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չէ։ Ես չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը այդքան շատ մտահոգիչ է, և կարիք կա սառեցնելու։ Անկեղծ ասած՝ օրենսդրական հնարավորությւոն էլ չկա սառեցնելու»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին չներկայանալու մասին խոսելով՝ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե Խաչատուրովը ճիշտ է արել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






