Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:
Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին»:
Վարչապետը նշել է, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակցությունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մարդասիրական առաքելության գործունեությունն է:
«Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը և կթևակոխի առաջընթացի և զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթացներին։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






