Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Շիրակի մարզպետարանը։
«Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք, հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մարալիկի առողջության կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։
«Շարունակաբար իրականացվում են ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներ»,- ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







