Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին ԱԺ նախագահը գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում։
Արարատ Միրզոյանի ուղերձում ասվում է․
«Հարգելի’ պարոն Հարությունյան,
Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով և միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը՝ Դուք ստանձնում եք Արցախի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, արմատական ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առաքելությունը, ինչպես նաև մեր երկու հանրապետություններում այդ գործընթացների ներդաշնակության և համաչափության ապահովման պատասխանատվությունը»։
Միրզոյանը նշել է, որ համատեղ ջանքերի միջոցով հայկական պիտի ապահովեն արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։
«Հարգելի պարոն Հարությունյան,
Ձեզ մեծ ուժ, տոկունություն, իմաստություն և լայնախոհություն եմ մաղթում Ձեր նոր, անչափելի պատասխանատու գործում՝ ի փառքս Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և հանուն մեր համահայկական իղձերի կատարման»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






