Քննարկում ենք յոթերորդ գումարման Ազգային ժողովի ամենակարևոր նախագծերից մեկը, որով վերականգնելու ենք արդարարությունը։ Մենք ավելի խիստ օրենք և չափորոշիչներ ենք ուզում՝ արմատախիլ անելու կոռուպցիան և ՀՀ պետական բյուջե վերադարձնեու հարկատուներին պատկանող գումարները: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այս օրենքը բարեխիղճ, օրինապաշտ քաղաքացիների մասին չէ և նրանց չի առնչվելու: Այս օրենքը չի վերաբերելու նաև ազնիվ և օրինական ճանապարհով որոշակի կարողություն ձեռք բերած քաղաքացիներին: Օրենքը վերաբերելու է անազնիվ, ապօրինի ճանապարհով ահռելի միջոցներ կուտակած այն մարդկանց, ովքեր իրենց ունեցվածքը շատ հաճախ թաքցրել են զոքանչի, քենու, աներոջ անվան տակ: Դա տեղի է ունեցել տասնյակ տարիներ բոլորիս աչքիս առաջ։
Սա գործիք է, որի միջոցով ժամանակին ապօրինի ձեռք բերվածը վերադարձվելու է պետական բյուջե՝ դատարանի որոշմամբ: Սա նաև քաղաքական ուղերձ է ներկա և ապագա պաշտոնյաներին։ Մեր քաղաքական ուղերձն է՝ վաղ թե ուշ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը վերադարձվելու է պետական բյուջե», — ասաց Լիլիթ Մակունցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






