Ուզում եմ Ազգային ժողովի նախագահի անաչառությունը հարցականի տակ դնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նա նշեց՝ արդեն որերորդ անգամ է «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին չի արձագանքում, արձագանքում է միայն ընդդիմության ելույթներին:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն Էդմոն Մարուքյանին հայտարարեց նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար:
Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ հարցումներ են արել արտահերթ նիստի հետ կապված: «Այն արտահերթ նիստի, որը 5-ից 5 պակաս էիք իմացել և 88 հոգով եկել էիք: Կառավարությունը, բնականաբար, շուտ է նիստ գումարել և հրավիրել արտահերթ նիստ, բնականաբար ԱԺ նախագահը դա իմացել է և մեզ չի տեղեկացրել, ինչը նախկինում միշտ արվել է, այդ օրը խռովել էիք երևի, որ տապալվել էր նախագիծը: «Իմ քայլը» դաշինքը կարող է խռովել, ԱԺ նախագահը չի կարող․ նա պետք է լինի բոլորի ԱԺ նախագահը: Բայց այդպես է ստացվել, նորմալ է, այդպես կաշխատենք», ասաց նա և նշեց, որ խորհրդարանաի բնականոն գործունեությունը չի ապահովվել:
«Տպավորություն ունեմ նկատողությունների հետ կապված, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործել»,- ասաց նա:
Միրզոյանը, արձագանքելով պատգամավորի ելույթին, ասաց, որ ստիպված է անդրադառնալ երկու հանգամանքի:
«Հուսամ՝ վերջին անգամ եմ անդրադառնում: Արտահերթի մասին որ պահին պաշտոնապես տեղեկացվել ենք, զուգահեռաբար տեղեկացվել է ԱԺ-ն: Բացի այդ, տեղի է ունեցել երկրորդ ընթերցում, ու եթե նույնիսկ առաջինը չարամիտ կերպով չէին տեղեկացրել, երկրորդ ընթերցման համար ասվել է ժամ: Եթե բոյկոտել եք՝ մի’ գցեք ԱԺ-ի վրա»,- ասաց նա:
ԱԺ նախագահը նաև վիրավորական համարեց պատգամավորի որոշ արտահայտություններ:
«Ասում եք՝ իշխանություն է ընկել, չգիտեք՝ ոնց օգտագործեք: Այդ ձևակերպումները ինձ չեն վնասում, իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում, այլ բառերի հեղինակի: Անաչառության մասին՝ ամեն ինչ կարող եք դնել կասկածի տակ: Եթե չեք տեսնում տարբերությունը, որ ասվում է «մանիպուլյատոր եք» և տեղից խոսող պատգամավորին ասում եք՝ «դու ով ես», եթե չեք տեսնում տարբերություն, եռակի ցավում եմ, պարո’ն Մարուքյան»,- նշեց ԱԺ նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






