ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում են կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնել:
Օրենսդրական նախագիծը քննարկելիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դիտարկմանը՝ թե բռնության արդարացու՞մ է զինվորի համազգեստը պղծողին պատժելու կոչին Facebook-ում լայք դնելը, արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Բռնությունը արդարացնելը Facebook-ում լայք դնելը չէ կամ որոշակի ինչ-որ շրջապատում ինչ-որ հայտարարություն անելը։ Խոսքը վերաբերում է ակտիվ գործողություններին, որոնցով դու արդարացնում ես տեղի ունեցածը», –մտահոգություններին պատասանեց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ դատավորները պետք է բարձր շեմ սահմանեն և որոշակիություն ստեղծեն օրենքի կիրառման ժամանակ։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ իրհերթին նշեց, որ բռնության քարոզի համար քրական պատասխանատվություն սահմանող օրենքում հատուկ ընդգծված չէ, բայց և այնուամենայնիվ մշակութային գործերը, որոնց մեջ բռնության հատկանիշ պարունակող արտահայտություններ կան, բռնության քարոզ չեն համարվի։
Գալյանը, սակայն, բացատրեց, որ դա օրենքի մեջ չեն գրում, քանի որ հետագայում կարող են ստեղծվել «մշակութային արժեքներ», որոնց նպատակը լինի հենց բռնության քարոզն ու արդարացումը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին և «ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումը։ Վերջինովս առաջարկվում է՝ քրեական պատասխանատվություն նախատեսել անձի կամ անձանց խմբի նկատամամբ՝ պայմանավորված սեռով, մաշկի գույնով, ռասայով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելիությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են քրեականան օրենսգրքի մի շարք հատկանիշներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






