Ապրիլի 9-ին Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ և Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ոստիկանների պաշտպան Գարիկ Գալիկյանից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի ԱԱԾ մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի տարածքային բաժանմունք, որտեղ ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։ Ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նա նաև տեղեկացրել է, որ կալանավորման մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել: Հարցին, թե ինչ հոդվածի հատկանիշներով է առաջադրվել մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ իր պաշտպանյալների կողմից չունի համապատասխան թույլտվություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







