Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ, 6-րդ ու 7-րդ սոցիալական աջակցության միջոցառումների ծրագրերով 11 444 անձի արդեն փոխանցվել է 929 մլն դրամի աջակցություն: Այդ մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ շահառուների ցուցակը լրացվում է, ընդլայնվել է 7-րդ միջոցառման շրջանակը, սա վերաբերում էր հղի կանանց․ նախնական շուրջ 3800 շահառուի փոխարեն ակնկալվում է ունենալ ավելի քան 8000 շահառու:
«7-րդ ծրագրով ընդլայնել ենք շահառուների շրջանակը՝ ներառելով նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ մինչև նշված ժամանակաշրջանը՝ մարտի 13-30-ը, ընդհանրապես չեն աշխատում: Գուցե աշխատանքը կորցրել էին ավելի վաղ, և նաև իրենք չեն աշխատում: Այսինքն՝ սա վերաբերում է աշխատանք չունեցող կանանց և եթե ամուսին ունեն, նաև իրենց ամուսիններին»,- ասաց Բաթոյանը՝ նշելով, որ վաղը վերջնական ցուցակները հրապարակված կլինեն:
Բաթոյանը նշեց, որ 4-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, այս դեպքում գումարները փոխանցված են:
«Այս պահին կա 964 երեխայի տվյալ, որոնց գումարը հասանելի է բանկերում: Նրանցից ավելի քան 200-ն արդեն ստացել են գումարները»,- ասաց Զարուհի Բաթոյանը։
Խոսելով 7-րդ և 9-րդ միջոցառումների մասին՝ նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա:
«Այսօր արդեն դիմումների ընդունելությունը հնարավոր կլինի: Ութերորդ ծրագրով վճարումներն ամենաուշը վաղը առավոտյան 09:30-ից հասանելի կլինեն, իսկ իններորդ ծրագրով երեքից հինգ օրվա ընթացքում որոշում կկայացվի»,- ասաց Բաթոյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ գործում է երկու թեժ գիծ՝ 114 և 011 300 114 հեռախոսահամարներով․ հինգ օրվա ընթացքում ավելի քան 40 հազար զանգ է ստացվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







