Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ արտահերթ նիստում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ օրենքի նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը գործող եռամսյա ժամկետը երկարաձգվում է ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:
Նշվեց, որ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։
Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







