ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:
Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու»:
Սարգսյանը նշել է, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու և Արցախն ու արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ և անկախ հայրենիք կառուցելու և զարգացնելու իրենց հաստատակամությունը:
«Շնորհավորում և արդյունավետ գործունեություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձևավորեն Արցախի Ազգային ժողովն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն»,- նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նաև այն քաղաքական ուժերին, որոնք թեև չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում:
«Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մաիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձևավորի առողջ քաղաքական և աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ միաժամանակ շնորհավորելով նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին:
«Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը և կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը նաև ընդգծել է, որ ներկայիս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են:
«Վճռական և հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն և խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով: Աստված պահապան Արցախին, Հայաստանին և ամբողջ հայությանը»,- ասցած է Արմեն Սարգսյանի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






