Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները պետք է լինեն համալիր։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի այն հարցին՝ ինչե՞ս են գնահատում կառավարության հակաճգնաժամային միջոցառումները։
«Եթե ունես 10 միջոցառում, մի մասը կիսատ ես անում,10-րդն ընդհանրապես չես անում, այդ պարագայում ամբողջ 10 միջոցառումն էլ դրվում է հարվածի տակ։ Թեստավորման կետերը, մարդկանց առանձնացումները, հիվանդության կանխարգելման ուղղությամբ ցանկացած քայլ պետք է արվի ժամանակին, որը մարտի 3-ին մեր քաղաքական ուժի ղեկավարը ասել էր»,- ընդգծեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է մյուս միջոցառումներին, այն է՝ կարանտինային ռեժիմին, որը գործում է Վրաստանում, պատգամավորը նշեց, որ մեր մոտ կարանտինն այլ կերպ է ընկալվում և պարետային ժամ չկա։
Նա նշեց, որ այսօր արդեն լրանում է մարդկանց ազատ տեղաշարժման սահմանափակումները, երեկ Արդարադատության նախարարին ուղղված հարցից՝ որևէ հստակ պատասխան գործող սահմանափակումների շարունակության, գնահատականների, հաշվարկների մաասով չեն ստացել։
Իր հերթին խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ քննադատել, կոշտ կամ ոչ կոշտ գնահատականներով հանդես գալ պետք չէ, քանի որ գտնվում ենք բավականին լուրջ իրավիճակի մեջ։
«Արտակարգ դրություն է և դրա ավարտից հետո բոլոր կողմերի քայլերը վերլուծվելու են և բոլորն էլ պատասխան են տալու արածի և չարածի համար։ Այժմ զերծ կմնանք որևէ գնահատական տալուց»,- նշեց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






