«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և նրա արցախյան մասնաճյուղը դիտորդական առաքելություն են իրականացնելու մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ ոչ միայն արցախցին պետք է որոշի իր անվտանգության հետագա տեսլականը, այլև այն տեղի է ունենում աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։
«Նախապես որոշել էինք բազմամարդ միջազգային դիտորդական առաքելություն ենք իրականացնելու, այդուհետ ընդգրկելու ենք բավական թվով դիտորդներ տեղական կազմակերպության միջոցով։ Համաճարակը ստիպեց օգտագործել տեղական կազմակերպության ուժերն ու առավել սահմանափակ թվով դիտորդներ ընդգրկել միջազգային ձևաչափով։Դիտորդների դասընթացներն էլ կազմակերպեցինք առցանց եղանակով»,- նշեց Հովհաննիսյանը։
Արդարադատության նախկին նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ԿԸՀ ունեն 140 դիտորդներ, որոնցից 132-ը արցախցիներ են, 3-ը՝ Երևանից, որոնց կորոնավիրուսի հաստատման թեստերի պատասխանները բացասական են եղել։ Ըստ նրա՝ ունեն շրջիկ դիտորդներ, որը հնարավորություն կտա վերահսկողություն իականացնել բոլոր տեղամասերում և 48 ընտրատեղամասերից առկա է առցանց հեռարձակում։
Հովհաննիսյանը վստահեցրեց՝ իրականացնելու են դիտորդական առաքելություն և պահպանելու են քաղաքական չեզոքություն, արցախցուն չեն սովորեցնելու ընտրություն կատարել, այլ հետևելու են, որ արցախցու քվեն լինի հասցեական, թույլ չեն տալու,որ արցախցու մոլորության մեջ գցեն։
«Վստահ եմ՝ արցախցին կկարողանա ցույց լ տալ իր լավագույն որակները՝ հերթական անգամ աշխարհին ապացուցելով,որ կարող է ժողովրդական արժեքներին համահունչ ընտրություն կատարել»,-ընդգծեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






