ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագծի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
Խմբակցությունների անունից ելույթի ժամանակ՝ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց հետ տանել նախագիծը, քանի որ այն մտահոգիչ է և ժողովրդավարությունից զուրկ։
«Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար», — ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ամենամեծ ռիսկը այսօր ԱԺ դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված է մի տեղ:
Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ հեռախոսով են պայմանավորվում հանդիպման մասին, Զոհրաբյանն ընդգծեց, որ հակառակը՝ հանդիպումների գերակշիռ մեծամասնությունը, չպլանավորված է կամ պայմանավորվածություն ձեռք է բերվում հեռախոսի այլ հավելվածների միջոցով։
Անդրադառնալով միջազգային փորձին՝ պատգամավորն ընդգծեց, որ ոչ մի երկրում նման փորձ չի տեսել։
«Չի կարելի այդպիսի բան անել։ Իսկ եթե կասկած կունենաք, որ մեկը ռիսկային գոտում է, որևէ մեկը չի խանգարում օպերատորից պահանջել տվյալները և շփման շրջանակները պարզել։ Այս նախագիծն առավել մեծ խուճապ է առաջացնելու, առավել մեծ պրոբլեմներ։ Չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել», — ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






