ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
Անդրադառնալով նախագծին և մասնավորապես արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսազանգերի հավաքարման առաջարկին՝ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս։
«Տեսականորեն այս օրինագիծն, ըստ իս, արդեն իսկ ուշացած է։ Եթե այս մեխանիզմով փորձում էինք շրջանակը հասկանալ, դա պետք էր ի սկզբանե անել, երբ տարածումը Հայաստանում այսքան չէր։ Նպատակը պարզ է, բայց նպատակի իրագործման մեխանիզմները ըստ Ձեր ներկայացրած փաստարկների՝ նվազագույնն անհասկանալի է։ Պարզ չէ, թե ինչ էֆեկտ են տալու դրանք, ինչպես են կիրառվելու, հետգայում այդ բազան ինչպես է պահվելու կամ ոչնչացվելու», — ասաց Աբովյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ևս արդյունավետ չի համարում կառավարության առաջարկը։
Ըստ նրա՝ եթե մեկ օրից ավելի է անցնում կոնկատկավորին բացահայտելու ժամանակից, ապա այն բացարձակ անարդյունավետ է դառնում, որովհետև եթե կենտակտավորը բացահայտվել է, օրինակ, 5-րդ օրը, ապա նա արդեն հասցրել է շփվել այլ մարդկանց հետ, վերջիններս էլ իրենց հերթին շփվել են մի շարք այլ մարդկանց հետ։
«Կարծում եմ՝ էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից այս նախագիծը ձգտում է զրոյի», — ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծի նպատակը, թերևս, հասկանալի է, սակայն կիրառվող միջոցները խնդրահարույց են ու շատ հարցեր առաջացնող:
«Ինչու է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել և երբ: Եթե ուզում ենք մարդու՝ ընդամենը ֆիզիկապես շփման շրջանակը պարզել, դրա համար ուղղակի պետք է իմանալ նրա դիրքը և այդ դիրքը համեմատել այլ մարդկանց դիրքերի հետ: Մարդկանց զանգերը որևէ կերպ չեն նպաստելու, քանի որ զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում, և հակառակը՝ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, թե ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,-ասաց պատգամավորն ու մատնանշեց փաթեթում նկատած մի քանի այլ խնդիրներ ևս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






