ՀՀ ԱԱԾ-ն կորոնավիրուս վարակի տարածման վտանգը հաշվի առնելով՝ ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ոստիկանությունը ևս հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: «Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և /կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







