Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից:
Անհրաժեշտ է նաև բոլոր պատկան մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից օրենքների կիրառման ընթացքում բարձր պատասխանատվության դրսևորում:
«Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս, անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում:
Կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը»,- նշված է հաղորդագրությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






