«Կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է խորհրդարանի որոշումներին, պատգամավորները չեն կարող փակվել տներով ու անգործության մատնվել»։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ԱԺ լիագումար նիստեր չանցկացնել՝ ի շահ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու։
«Հայաստանը խորհրդարանական պետություն է, ԱԺ- ն երկրի ամենակարևոր մարմինն է։ Չնայած երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, բայց ժողովուրդը սպասում է այդ մարմնի որոշումներին, մենք չենք կարող նստել տանը։ Այլ հարց է, որ առողջական խնդիրներ ունեցող պատգամավորները կարող են բացակայել, և մենք կարող ենք այդ բացակայությունները հարգելի համարել», — նշեց Պետրոսյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ եթե խորհրդարանական երկրում խորհրդարանը չաշխատի, դա կլինի այդ պետության վերջը: Նա գործընկերներին կոչ արեց շարունակել աշխատանքը։
«Մենք չենք կարող հետևել որոշ մարդկանց օրինակին և մտածել, որ նրանք փակվեցին իրենց տներում իրենց պաշտպանության համար, մենք նույնպես պետք է այդպես վարվենք։ Ժողովուրդը ճիշտ կառավարման իրավունք ունի, իսկ դա ճիշտ կառավարում է, որն իրականացնում է Ազգային Ժողովը խորհրդարանական պետության պայմաններում», — հայտարարեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






