ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին Խաչատրյանն ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում. «Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը:
Խոսելով արտակարգ դրության հայտարարման և դրա՝ ներդրումային ծրագրերի վրա ազդեցության վրա, Խաչատրյանը նշեց. «Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Ընթացքում գտնվող ծրագրերն իրենց որոշակի զարգացումների մեջ են: Չկան այդպիսի դեպքեր: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, մենք պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ դրանք իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն»:
Խաչատրյանը նաև հավելեց, որ մեծ ջանքեր են գործադրելու, որ նոր իրավիճակում բիզնեսը զգա ՀՀ կառավարության աջակցությունը. «Մեր կողմից մենք անելու ենք առավելագույնը: Նախ փորձելու ենք հասկանալ և հուշել մասնավոր հատվածին, թե նոր ձևավորվող տնտեսական իրականության մեջ որոնք են այն պատուհանները, որոնք թույլ են տալիս հայաստանյան բիզնեսին ավելի ամուր կանգնած լինել արտաքին շուկաներում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







