Ամենայն հավանականությամբ, մենք կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վիրուսի հնարավոր զարգացման դեպքում հիվանդների բուժում ստանալու հարցին։
Թորոսյանը հայտնեց, որ դա արվում է մյուս հիվանդներին և բժիշկներին վիրուսից զերծ պահելու համար:
«Օրինակ, Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել և իրենք են դարձել վարակի աղբյուր։ Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը չնշեց հիվանդանոցների անունները, որտեղ վերակազմավորում կլինի, սակայն ասաց, որ մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով հիվանդների բուժում չի լինելու:
«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, միևնույն է, մնալու է կենտրոնական օղակը պացիենտներ ընդունելու, թեստեր ախտորոշելու և գիտական մասով ամեն ինչը համակարգելու առումով»,- նշեց Արսեն Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







