Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով և այլն:
Հանդիպման ընթացքում որոշվել է պահպանելով արտակարգ դրության պահանջները և թույլատրել բուհերին
ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,
բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






