1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները ծրագրվում են ըստ ժամանակացույցի և այն չեղյալ չի հայտարարվի, ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի:
Նշվում է, որ թեկնածուները քարոզարշավի իրենց գրաֆիկներում որոշակի փոփոխություններ են մտցրել` բացառելով փակ տարածքներում հանդիպումները։ Թերթի արցախյան աղբյուրը տեղեկացրել է, որ ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր, կորոնավիրուսի որևէ դեպք Արցախում չկա, ուստի օրակարգում նման հարց դեռևս չկա, այլ բան է, որ միջոցներ են ձեռնարկում ոչ միայն կորոնավիրուսի արգելման, մինիմալիզացված շփումների, հանդիպումների հետ կապված, այլև հանդիպումները տեղափոխվում են առավել օպտիմալ` օնլայն մակարդակ: Ի դեպ, այնտեղ գտնում են, որ, ըստ անհրաժեշտության, իրենց մոտ ևս կարող են արտակարգ դրություն հաստատել` ընտրությունները հավուր պատշաճի, վերահսկողությամբ իրականացնելու համար:
2․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ կառավարության որոշմամբ ու Ազգային ժողովի հաստատմամբ հայտարարվեց արտակարգ դրություն, որը կտևի մինչև ապրիլի 14-ը ժամը 9:00-ն:
Նկատենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արտակարգ դրություն է հայտարարվում: Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր դեռ 1990 թվականի օգոստոսի 29-ին` ՀԽՍԳ Գերագույն խորհրդի որոշմամբ: Որոշման պատճառը Հայոց ազգային բանակ ռազմական կազմակերպության հակաօրինական գործողություններն էին, ինչը բերել էր հանրապետությունում իրադրության սրման:
Իսկ արդեն նորանկախ Հայաստանում առաջին անգամ 20-օրյա արտակարգ դրություն հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Այդ ժամանակ ևս այն ենթադրում էր հանրահավաքների, ցույցերի և երթերի անցկացման արգելք, իսկ լրատվամիջոցները կարող էին հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն:
Նույնը նաեւ այժմ է, հատկապես` լրատվամիջոցների աշխատանքի մասով, բայց մի էական տարբերություն կա. 2008-ին իշխանության կարծիքից տարբերվող նյութեր հրապարակող, այսպես ասած, ընդդիմադիր թերթերը չէին հրատարակվում տպարաններում՝ անկախ բովանդակությունից, որը երբեմն հագեցած էր միայն պաշտոնական տեղեկություններով: ԱԱԾ ներկայացուցիչը տպարանում պարզապես արգելում էր այդ թերթերի տպագրությունը:
Այժմ իրավիճակ է փոխվել. թեև արտակարգ դրություն է, սահամանափակումներ կան, սակայն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող լրատվամիջոցներին վտանգ չի սպառնում:
3․ «Փաստ» թերթը գրում է, որ չնայած երկրում ստեղծված բավականին բարդ ու համաճարակային իրադրությանը, մարտի 15-ին Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի՝ Չկալով, Տուֆաշեն, Ագարակ, Նահապետավան և Գեղանիստ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային: Առաջադրված թեկնածուները բոլորն էլ անկուսակցական էին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, անկուսակցական ներկայացող թեկնածուները հիմնականում նախկին իշխանությունները ներկայացնող կամ երբևէ ներկայացրած անձինք են։ Եվ փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ տվյալ անձինք ունեն բավարար հեղինակություն և հնարավորություն՝ ընտրություններում վերընտրվելու համար։
4․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»:
Ծովինար Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը բաղկացած է երկու մասից․ նախ՝ օրենսգրքի մակարդակով երաշխիքներ են նախատեսել հղի կանանց և երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար։
Նշենք, որ կանանց՝ հղիության և ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը գործող օրենսդրությամբ ընդամենը մեկ ամիս է, ինչը նախագծի հեղինակները բավարար ժամկետ չեն համարում:
Նախագծի երկրորդ մասը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ: Դա հնարավորություն կտա նորածնի հորը մասնակից դառնալ երեխայի խնամքին և աջակցել նոր ծննդաբերած կնոջը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






