Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում:
Սերջիո Մատարելլան ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը, վարակի հետագա տարածման կանխարգելման, հիվանդների բուժման և կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասների նվազեցման և վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:
Իր զորակցությունը հայտնելով Իտալիայի նախագահին և Իտալիայի ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նույնպես ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածման դիմակայմանը:
Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ, պետություններից յուրաքանչյուրում իրականացվող միջոցառումներից անկախ, երկրների և համապատասխան կառույցների միջև համագործակցությունը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից նույնպես կարող է իր նպաստը բերել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նախագահները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






