ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը լեգենադար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին, հանձնել է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գևորգ Վարդանյանի Պատվո շքանշանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Մենք բարձր ենք գնահատում Գևորգ և Գոհար Վարդանյաների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի և անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ», — ասել Մարտիրոսյանը:
Փահլևանյանը նշել է, որ անչափ հպարտ և ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում:
«Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր և լավատես: Այդպիսին էին Գևորգ և Գոհար Վարդանյանները: Հայրենասեր և ուժեղ, անվախ և վճռական այդ զույգն անցել է բարդ և դժվարին ճանապարհ», — ասել է Անահիտ Փահլևանյանը:
Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






