Այս հանրաքվեն ես համարում եմ 2 տարվա հաշվետվություն ժողովրդի դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, քարոզարշավի շրջանակում Վայքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Ըստ նրա՝ իշխանության թերություններին ու արարքներին գնահատական տալու է ժողովուրդը, որովհետև հենց նա է ձևավորել իշխանությունը։
«Պետությունը տեղում դոփեց նախորդ իշխանություն ժամանակ, որովհետև հնարավորություն չտրվեց ժողովրդին ձևավորելու իր իշխանությունը։ Նախորդները ձևավորեցին մի քանի բանդաներ և դրանով պահեցի իրենց իշխանությունը»,- նկատեց Միքայելյանը՝ արձանագրելով, որ այս իշխանության օրոք ամենակարևորը ձեռք է բերվել ազատություն և ժողովուրդն ինքն իր ինքնասիրության տերն է։
Պատգամավորը նկատեց, որ նախկինում ընտրություններին գումարով ձայն էին գնում, բայց նորմալ երկրի նորմալ իշխանությունը չի կարող նման բան անել, նման կերպ արհամարհել իր ժողովրդին։
«Իշխանությունը չի կարող նման կերպ վարվել ժողովրդի հետ, որն անհավասար մարտում կարողացավ գրեթե 700 տարի անց ծնկի բերել ու հաղթանակել թշնամուն՝ ազատագրելով տարածքներ»,- նկատեց Միքայելյանը։
Նա նշեց, որ ժողովրդի կամքի ուժով վռնդվեց նախորդ իշխանությունն ու այսօր պետք է կարողանանք սկիզբը վերջին կապել։
Անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված վիճակին, Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ պետք է փոփոխվի Սահմանադրական դատարանը, իսկ դրա համար պետք է ժողովրդի ձայնը։
«Իշխանությունը չի կարող գործել ի փառս պետության՝ նման Սահմանադրական դատարան ունենալով։ Պետք է ունենանք այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշմանը ոչ ոք չի կասկածի։ Արել եք առաջին քայլը Թավշյա հեղափոխության, պետք է երկրորդն անել ու ամուր հիմքի վրա դնել մեր պետականությունը։ ՍԴ-ն նախորդ իշխանության թողած ռումբն է, մեր իշխանության տակ»,- եզրափակել է Միքայելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






