Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին հնչեցրած որոշ հայտարարություններին:
«Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով:
Հասկանալով հանդերձ նման հետաքրքասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ հարցերի որևէ մեկնաբանությունից` հանրաքվեի խնդրից հասարակության ուշադրությունը չշեղելու և «ԱՅՈ»-ի քարոզարշավին չվնասելու համար», — ասված Է Մուսինյանի հայտարարության մեջ:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում քարոզարշավի շրջանակներում հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի յոթ անդամներ իրենց գործունեության ողջ ընթացքում եղել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամակատարները, իսկ 1996-ին՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանինը։
Այսօր էլ ՀՀ վարչապետը հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի տեքստը, որում արձանագրված է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը՝ տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






