Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:34

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի տեքստը

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի տեքստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակեց 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սամանադրական բարեփոխումների հանրաքվեին դրվող տեքստը։

«Սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որպեսզի բացի բուն հանրաքվեի տեքստից, մենք նկարագրենք տեղի ունեցող պրոցեսի բուն քաղաքական կոնտեքստը։ Այս առումով առաջացավ գաղափար ստեղծել ապրիլի 5-ին հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության կոնկրետ հոդված փոփոխություն տեղի կունենա, այլև կտրվի նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցող պրոցեսներին՝ ընդհանրական տեսքով, փորձ կարվի ախտորոշել՝ որն է եղել ամենաբարդ և մեծ խնդիրը, և այս հռչակագիրը հիմք կդառնա ազգային պայմանավորվածության, որ դա այլևս երբեք չի կրկնվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հանրաքվեի դրվող հռչակագրի տեքստը նախնական է և մինչև մարտի 31-ը կարող են ներկայացվել առաջարկներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կքննարկի, որոշ առաջարկներ կընդունվեն, որոշները՝ ոչ, միաժամանակ կներկայացվեն ընդունման և չընդունման հիմնավորումները։

Հանրաքվեի դրվող հռչակագրի տեքստն է․

«Հռչակագիր 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի

Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից և Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ,

Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը և հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի և իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի և մամուլի ազատություն, ազատ և մրցակցային ընտրություններ),

Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման և զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը,

Արձանագրում է․

  1. 1995 թվականից մինչև 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
  2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձևավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երևույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչև 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը և արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի և նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։
  3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, օրենքի և իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։
  4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ և լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորմամբ։
  5. Հայաստանում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։
  6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների և փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետևաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որևէ դրսևորում կամ երևույթ։

2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։

Վարչապետը հայտնեց, որ մարտի 31-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում կհրապարակվի հռչակագրի վերջնական տեքստը և պայմանավորվածություն կլինի, որ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների կոնտեքստ կունենա փաստաթուղթը, այլև այդ մասին հստակ պայմանավորվածություն ձեռք կբերվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+