Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

1․ «Իրավունք» թերթի տեղեկություններով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս պատրաստվում է մեկնել Բրյուսել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ` տերպետրոսյանական թևից փոխանցում են, որ առաջին նախագահի այցը Բրյուսել որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ:

Այստեղից շատ անպատասխան հարցեր են առաջ գալիս: Արդյո՞ք այսպիսի զուգադիպություններ կարող են լինել մերօրյա քաղաքական դաշտում: Անխոս մտահոգիչ է, թե ինչ են ծրագրում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը: Թերթի աղբյուրը ենթադրում է, որ Լևոնը փորձելու է արդյունքի հասնել եվրոպական այն օղակներում, ուր Նիկոլին բանի տեղ չեն դնում:

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը համատեղ հանդես են եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախագծով, ըստ էության, առաջարկ է արվում սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները։ Հստակ ամրագրվելու է, թե որ գործերով է նախաքննություն իրականացնելու ՀՔԾ-ն: Բանն այն է, որ օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, ինչի հետեւանքով բարդանում էր քննիչների աշխատանքը: Եվ, ահա, փորձ է արվում թեթեւացնել եւ հստակեցնել ՀՔԾ-ի գործառույթները, իսկ դատախազն էլ միայն սահմանափակ դեպքերում կարող է որոշ գործեր ՀՔԾ վարույթ ուղարկելու որոշումներ կայացնել:

3․ «Իրավունք» թերթը գրում է, որ «Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցու­թյունների համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպոր­տի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը:

Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել նրա­նից: Ըստ նույն աղբյուրների՝ Մ. Հայրապետյանին սպասվում է ոչ պակաս պա­տասխանատու պաշտոն: Թե ո՞ր արժա­նիքի համար, դժվար է ասել: Այդուհան­դերձ, հիշեցնենք, որ Մ. Հայրապետյանի հարազատ եղբայր Հայկ Ստվերն (Մխիթարյան) է Ն. Փաշինյանի բանաստեղծու­թյան հիման վրա գրել և կատարում հան­րաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգը»:

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Գյումրու «այո»-ի շտաբում կենաց-մահու պայքար է՝ տոն տվողը «նախկինների» ընտրությունների փորձված «տասովշչիկներն» են։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գլխավոր դերում Շիրակի համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանն է, որի նկատմամբ քրեական գործեր կան, ու ինքը, «կյանքը չխնայելով», ծառայում է իշխանություններին, և այդ գործերն էլ ընթացք չեն ստանում:

Փաստորեն, իշխանություններն ընդունում են «արջի ծառայությունները»։ «Հըբը ի՞նչըխ, ըսել են` ամեն գնով պետք է «այո»-ն անցնի։ Մենակ Սահակը չէ, Կոշտոն էլ է` իր աջ ձեռքը` Հրաչ Մելքոնյանը, մարզպետի հետ «այո»-ի քարոզարշավ է անում սաղ օրը, Ղուկասյան Վարդանիկի փեսեն` Գյումրու ավագանու անդամ, շատ ակտիվ կմասնակցե, էլ չենք ասում եկեղեցին քանդող` «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման պարագլուխ Ղարիբ Հարությունյանի մասին:

5․ «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել՝ իշխանության վերին օղակներում կայացված հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշման մասին: Ըստ այդմ, վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն:

Ի՞նչ է նշանակում այս ամենը. թերթի զրուցակից իրավաբաններից մեկը նշում է, որ եթե իսկապես նման ներքին որոշում կա, դա պարզապես լուրջ հարված կլինի հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ինչպես վարորդներին և այլն, քանի որ վարչական դատարանում հիմնականում բողոքարկվում են հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլն:

Իսկ հիմա ստացվում է, որ համապատասխան պետական մարմինները ինչպիսի որոշում էլ կայացնեն, դատարանը թողնելու է անփոփոխ:

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չի ունեցել, և դրա մասին են փաստում նաև տվյալները: Բանն այն է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որից բավարարել են 1188-ը, այսինքն՝ 1188 մարդ կալանավորվել է:

Ընդ որում, կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով ներկայացվել է 795 գործ, որից 749-ը բավարարվել են: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել։ Իսկ քրեական գործերով բնակարաններում խուզարկություն կատարելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է, իսկ նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որից բավարարվել են 671-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ հեռախոսային կապի կամ այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման և ձայնագրառման մասին միջնորդություններ եղել են 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը, հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը:

Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ժամանակ առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին չխոչընդոտելու համար ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու և այլ դեպքերի հետևում կանգնած էր ԵՊՀ պահակային ծառայության պետ Լևոն Առուստամյանը, որին ծառայությունների դիմաց պետք է նշանակեին ուսանողական հանրակացարանի տնօրեն:

Թերթին  հարցին ի պատասխան՝ նա կտրուկ ժխտել էր իր նշանակվելու հնարավորությունը։ Երեկ տեղեկացել են, որ նա օրեր առաջ հանրակացարանների տնօրեն է կարգվել, ինչը հաստատլ է ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը. «Այո, նա այժմ տնօրեն է»:

Այս նշանակման «հմայքն» այն է, որ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն առանձնապես հակված չի եղել նշանակել, հարցը կարգավորել է Ղազարը` Նիկոլ Փաշինյանի հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը:

8․ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում ար­դեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նպա­տակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, որ փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվական­ներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ նաեւ, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, եւ հնարավոր է, որ այս գործընթացին որեւէ մաս­նակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ:

Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը», — «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը:

9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի թիվ մեկ քավորի՝ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքապետ դառնալու գործընթացը «ժողովրդավարության» քողով պատվի։

Մարտի 12-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում» թեմայով: Խոսքն Իջևանի խոշորացման՝ շուրջ 19 համայնք միավորելու նախագծի մասին է, որն իշխանությունը մշակել էր դեռևս անցած տարեվերջին։

Թերթի տեղեկություններով՝ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, տևական ժամանակ ակտիվ աշխատում է, որպեսզի Տավուշի մարզից այդ լսումներին ներկա գտնվողները դրական արտահայտվեն, ու չստացվի այնպես, որ այս խոշորացումն արվում է, որպեսզի հեշտացվի եղբոր՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու գործը։

Դեռևս անցած տարվա հոկտեմբերից Ղալումյանը ԺՊ է, իշխանությունը պարբերաբար հետաձգում է ընտրությունները, քանզի թեկնածուի վարկանիշը ոչ մի կերպ չի բարձրանում, և իր հայրենի Իջևան քաղաքում նա չէր կարողանա ընտրություններում հաղթել, իսկ խոշորացման արդյունքում շուրջ 20 համայնք՝ դրանց համայնքապետերով, կաշխատեն հանուն քավորի:

10․ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի հիմնական առաքելությունը սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցներում առկա ընդգծված բացասական ալիքը մեղմելու գործոնն էր։

Փաշինյանը Բրյուսելում, ի թիվս այլոց, հանդիպել է նաեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որին, ի դեպ, ընդամենը երեք օր առաջ հանդիպել էր Սերժ Սարգսյանը։ Հենց Փաշինյան-Տուսկ հանդիպումից հետո էր, որ հանդիպման որոշ հատվածներ ցիտելով՝ մի շարք իշխանական սատելիտներ այդ հանդիպումը գրեթե համարում էին «տիեզերական ձեռքբերում»։ Թերթի տեղեկություններով, սակայն, Տուսկի հետ հանդիպում ունենալու համար ՀՀ իշխանությունները բավականին լուրջ ջանքեր են ներդրել։

Թերթի զրուցակիցը, ով խորքային տիրապետում էր այցի մանրամասներին, նշել է, թե այցից առաջ Երևանում քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ հիմնականում խոսվել է այն մասին, որ այցն ամեն գնով հենց այս փուլում է պետք, քանի որ, չնայած հանդիպումների աղքատիկությանը, հանրության մոտ պետք է ստեղծվի համապատասխան ֆոն, որ հանրաքվեի և ընդհանրապես եվրոպական կառույցների հետ կապված՝ ամեն ինչ «ok» է»:

11․ «Հրապարակ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 27-ին համացանցը վրդովվեց մի միջադեպից՝ «Բրաբուսի» վարորդը տաքսու տարեց վարորդի էր ծեծել, ինչը տեսագրվել էր, տեղադրվել սոցցանցում։ Վրդովմունքի արդյունքում ծեծողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, գործ հարուցվեց։

Նա արարքը բացատրեց նրանով, որ լսել էր որդու ծանր հիվանդության մասին լուրը, մտքերի մեջ ընկած, բախվել տաքսիին, որի վարորդն իրեն հայհոյել է, ինքն էլ չի կարողացել իրեն զսպել։ Համացանցը չէր հավատում որդու հիվանդության լուրին։ Թերթը տեղեկացավ, որ նրա 15-ամյա որդին, որի քաղցկեղով հիվանդության լուրը հայրն իմացել էր դեկտեմբերի 27-ին, օրեր առաջ վախճանվել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+