Անկարան անհրաժեշտության դեպքում կարող է ադրբեջանցիներին հրահրել լայնածավալ գործողությունների։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, մարտի 6-ին Հայաստանի հետ սահմանին, այլ ոչ թե Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանցի զինվորականների դիվերսիան կատարվել է Թուրքիայի հրահրմամբ, և այն տեղավորվում է Ռուսաստանի հետ դիվանագիտական խաղի տրամաբանության մեջ` հաշվի առնելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի առկայությունը:
«Դա Անկարայի «նախազգուշական» քայլն էր», — կարծում է Սաֆրաստյանը՝ ակնարկելով, որ Թուրքիան դրանով ցույց տվեց, որ կարող է Ադրբեջանին դրդել անցնելու առավել ակտիվ գործողությունների։
Այս համատեքստում Սաֆրաստյանը հիշեցրել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հիշեցնենք, որ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է բարձրացնի հակամարտության լուծման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։
Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիան բազմիցս փորձել է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, բայց միշտ անհաջողությամբ է պսակվել, և հետագայում էլ ոչինչ չի ստացվի:
«Հայաստանը չի ճանաչում Անկարայի միջնորդությունը։ Այդ մասին տեղյակ են նաև թուրքերը, իսկ ողջ ակտիվությունը, այդ թվում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու հայտարարությունները, նույնպես կապված են տարածաշրջանում իրենց ակտիվությունը ցուցադրելու հետ։ Դա, ըստ էության, Արևելյան դիվանագիտության խորամանկությունն է՝ շատ բաների մասին հայտարարել, որպեսզի այդ ֆոնին փորձենք որոշակի դիվիդենտներ կորզել», — հավելել է նա։
Նշենք, որ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք:
Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






