Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:46

Իդլիբում երկարատև խաղաղություն չենք կարող ակնկալել․ թուրքագետ

Մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան Իդլիբի խնդրի շուրջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բավականին բարդ բանակցությունները:

6 ժամյա բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ արձանագրություն հրադադարի հաստատման, Իդլիբ նահանգում անվտանգության միջանցքի ստեղծման, ինչպես նաև ռուս-թուրքական համատեղ պարեկության իրականացման վերաբերյալ։

Իդլիբի խնդրի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած պայմանավորվածությունների, Սիրիայի հյուսիսում հնարավոր զարգացումների և Իդլիբում Թուրքիայի գործողությունների առնչությամբ թուրք հանրության մեջ տիրող տրամադրությունների վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է թուրքագետ Սոնա Սուքիասյանի հետ:

-Հունվարի վերջից Իդլիբում վերսկսված ռազմական գործողությունների առավելագույն լարումը եղավ փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածում թուրքական բանակը թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական զգալի կորուստներ կրեց։ Ինչո՞վ էր պայմանավորված հենց այս ժամանակահատվածում Իդլիբի շուրջ համաձայնության ու հրադադարի հաստատումը, որո՞նք էին դրա վրա ազդող ներքին ու արտաքին նախադրյալները:

Նախ պետք է նշել, որ Իդլիբում ընթացող ռազմական գործողությունների հետևաքով և՛ թուրքական, և՛ սիրիական բանակը լուրջ կորուստներ են ունեցել, և եթե գործողությունները շարունակվեին, ապա ավելի լուրջ բախումներ էին ընթանալու ու թուրքական կողմը ավելի լուրջ կորուստեր կարող էր ունենալ, ինչը կարող էր հանգեցնել ռուսական կողմի հետ հարաբերությունների սրմանը: Այս պահին և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը հակված չեն երկկողմ հարաբերությունների լարմանը Սիրիայում ընթացող գործընթացների պատճառով: Ռազմական գործողությունների շարունակման դեպքում փաստ է, որ երկու պետությունների հարաբերությունները կսրվեին: Մոսկովյան հանդիպման արդյունքում Իդլիբում հրադադարի հաստատումը կապած է նաև Թուրքիայում ներքաղաքական խնդիրների հետ: Թուրքիայում բավականին խիստ կերպով էին արձագանքում զինծառայողների կորուստների թեմային, կան կողմեր, ովքեր դեմ են, որ իրենց երկիրը որևէ ռազմական գործողություն իրականացնի Սիրիայի կամ մեկ այլ պետության տարածքում, խոսքը մասնավորապես վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ովքեր անընդհատ քննադատում են Էրդողանի վարած քաղաքականությանը: Հունվարի սկզբից մինչև հիմա թուրքական բանակը մոտ 60 զինծառայողի կորուստ է ունեցել և հասարակության ներսում դա մեծ արձագանք առաջացրեց, ընդդիմադիր կուսակցություններն էլ մեղադրեցին իշխանություններին այդ կորուստների համար, անհրաժեշտ էր, որ թուրքական կողմը՝ մասնավորապես Էրդողանը, դադարեցներ ռազմական գործողությունները, որպեսզի խուսափեին էլ ավելի շատ նյութական ու մարդկային կորուստներից՝ այսկերպ հասարակության ներսում և ընդդիմադիր կուսակցությունների շրջանակներում դադարեցնեին այն խոսակցությունները, որ Թուրքիան, որևէ գործ չպետք է ունենա Սիրիայի տարածքում և ընդհանրապես Սիրիայի տարածքից հետ քաշել թուրքական զորքերը:

-Կարո՞ղ ենք ասել, որ Մոսկվայում կայացած հանդիպումը նաև ռուս-թուրքական հարաբերությունները փրկելուն էին ուղղված:

Միանշանակ, երկու կողմերն էլ հակված են պահելու երկկողմ գործընկերային հարաբերությունները, քանի որ համագործակցում են՝ սկսած ռազմական ոլորտից, վերջացրած առևտրի, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտները: Հետևաբար, երկու կողմերին էլ ձեռնտու չէ ունենալ լարված հարաբերություններ, և եթե Իդլիբում բախումները շարունակվեին, չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունները կշարունակեին նույն կերպ մնալ:

-Ինչպե՞ս կգնահատեք Իդլիբի վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածությունները: Մոսկովյան պայմանավորվածության հիմնական դրույթը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի հաստատում է։ Կարո՞ղ ենք երկարատև խաղաղություն ակնկալել Իդլիբում:

Մոսկվայում Իդլիբի վերաբերյալ կնքված արձանագրությունն ամբողջապես վերջ չի դնում Իդլիբի ճգնաժամին: Մոսկվայում ստորագրված արձանագրությունը ոչ թե առանձին փաստաթուղթ է, այլ կցվում է սիրիական ճգնաժամի վերաբերյալ ստորագրված նախորդ պայմանագրերին՝ Սոչիի պայմանավորվածություններին, դրանից առաջ Մոսկվայում կնքված պայմանագրին, Աստանայի ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս արձանագրությունը, ըստ էության, կրկնում է նաև նախորդ համաձայնությունների որոշ դրույթներ, սակայն այս արձանագրությունը ևս ամբողջապես չի կարողանալու վերջ դնել ռազմական գործողություններին Իդլիբում:

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններով Թուրքիան որոշակիորեն պարտություն կրեց, քանի որ կարևոր նշանակության մայրուղին՝ M5-ը, որն իրար է կապում Դամասկոսն ու Հալեպը, Սարակիբ բնակավայրը մնում են սիրիական բանակի վերահսկողության ներքո. Անկարան այս պահին ստիպված է ընդունել, որ այդ տարածքները մնալու են Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ:

Կարծում եմ, որ Իդլիբում երկարատև հրադադար չի լինի, կլինեն դեպքեր, երբ կսրվի իրավիճակը, ահաբեկչական խմբավորումները կարող են հարձակումներ գործել սիրիական բանակի և ռուսական ռազմաբազաների վրա և քանի, որ ո՛չ սիրիական, ո՛չ ռուսական կողմը չի կարող աչք փակել այդ ամենի վրա, հետևաբար պատասխան գործողություններ կիրականացնեն: Մյուս կողմից չի բացառվում, որ Թուրքիայի սադրանքով ահաբեկչական խմբավորումները սկսեն գործողություններ, որպեսզի հետ գրավեն այն տարածքները, որոնք հիմա գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ:

-Արդյոք հրադադարի ժամանակահատվածը կողմերը կօգտագործե՞ն վերադասավորվելու, վերազինվելու և հետագայում գործողությունները շարունակելու համար:

Այո, իհարկե, ինչպես նախորդ համաձայնագրերի դեպքում, այդ դեպքում էլ կողմերը ժամանակ են շահում և փորձում են իրենց դիրքերը ամրապնդել, կազմել հաջորդ գործողությունների պլանը: Թուրքիայի համար կարևոր է Իդլիբի տարածքում վերահսկողության սահմանումը, ռազմական հենակետերի ու իր ռազմական ներկայության պահպանումը, որովհետև Իդլիբը ռազմավարական առումով կարևոր դիրք է զբաղեցնում, Լաթաքիա Հալեպ տարածքներն է իրար կապում, նաև Թուրքիայի համար հավեյալ գոտի է, որտեղ կարող է հետագայում իր ռազմական, ինչպես նաև քաղաքական ներկայությունը ապահովել, երբ սիրիական ճգնաժամը լուծելու համար կնստեն բանակցային սեղանի շուրջ: Իդլիբը Թուրքիայի ձեռքին կլինի նաև խաղաքարտ Սիրիայի տարածքում իր վերահսկողությունն ուժեղացնելու համար, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ գործողությունների արդյունքում. Թուրքիան գրավեց Սիրիայի տարածքում որոշ տարածքներ, ստեղծեց իրեն լոյալ տեղում գործող իշխանություններ և դա վկայում է այն մասին, որ հետագայում, եթե Սիրիայում վերջնական խաղաղություն հաստատվի, Թուրքիան ունենալու է մի շարք տարածքներ Սիրիայի տարածքում, մասնավորապես՝ հյուսիսային հատվածերում, ակտիվորեն ներգրավված է լինելու այդ տարածների ղեկավարման մեջ, ունենալու է իր ռազմական հենակետերը:

-Ամփոփովելով, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Իդլիբում և ինչպիսի՞ տրամադրություններ կան Թուրքիայի բնակչության շրջանում:

Մարտի 6-ի գիշերն արդեն ռազմական գործողությունները դադարեցվել են շփման գծի ողջ երկայնքով, կարծում եմ, մի քանի ամիս հարաբերական անդորր կլինի այդ տարածքներում, մի քիչ դժվար է կանխատեսում անելը, գուցե շատ արագ իրավիճակը փոխվի, նույնիսկ չնչին բախման դեպքում: Գիտենք, որ Մոսկվայում կնքված արձանագրություններով Ռուսաստանի հետ համատեղ նախատեսվում են իրականացնել համատեղ պարեկային գործողություններ: Կարծում եմ, կողմերը կփորձեն որոշ ժամանակ զսպել միմյանց։

Թուրքիայի ներսում Իդլիբի վերաբերյալ կա այսպիսի մի իրավիրճակ. տարիներ շարունակ Էրդողանն ու իր ամբողջ թիմը հասարակության մեջ ներարկել են այն միֆը, այն գաղափարը, որ Սիրիայի ժողովուրդն իրենց եղբայրներն է և Ասադը մարդասպան է, ոչնչացնում է քաղաքացիական բնակչությանը ու իրենց պարտքն է լինել այնտեղ, պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Քանի որ տարիներ շարունակ այս միֆը ներարկվել է հասարակության մեջ, Էրդողանի համար շատ դժվար է հետքայլ անել Սիրիայի կամ Իդլիբի հարցում, հայտարարել, որ դուրս կբերեն իրենց զինծառայողներին, կդադարեցվեն ռազմական գործողությունները, որովհետև այդպիսով մի ամբողջ միֆ է ոչնչացվելու և հասարակության շրջանում շատ մեծ դժգոհություն կառաջանա, կսկսեն մեղադրել, որ եթե չկա Սիրիայի խաղաղ բնակչության պահանջը, ապա ինչու է թուրքական բանակն այդքան շատ կորուսներ կրել այսքան տարիների ընթացքում: Հետևաբար, կարծում եմ, որ Իդլիբը Թուրքիայի համար ունի ոչ միայն ռազմավարական, աշխարհագրական կարևոր նշանակություն, այլև խորհրդանշական նշանակություն Էրդողանի համար: Կարծում եմ՝ Էրդողանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է, որպեսզի փրկի իր հեղինակությունը և հասարակությանը պահի վերահսկողության տակ, կարողանա ապահովել Իդլիբում իրենց ներկայությունը՝ դա կլինի ռազմական հենակետերի թե իրենց հովանավորյալ խմբերի վերահսկողության միջոցով:

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+