1․ «Իրատես» թերթը գրում է, որ չնայած Արցախում նախագահի թեկնածուները բավական շատ են, բայց նրանց մեջ հայաստանյան իշխանությունների հանդեպ ընդգծված քննադատական վերաբերմունքով առանձնանում է Վիտալի Բալասանյանը։ Նախօրեին քարոզարշավի ընթացքում Բալասանյանը հայտարարել է «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»: Ընդհանրապես արցախյան ընտրությունները Փաշինյանի իշխանության համար փորձաքար են լինելու, քվեարկությունը ցույց կտա, թե ինչպես են արցախցիները գնահատում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն իրենց հանդեպ։ Այսինքն, այս ընտրությունները յուրահատուկ թեստ են՝ հակամարտության ուղղությամբ Փաշինյանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Եթե Վիտալի Բալասանյանին ձայն տվողները մեծամասնություն կազմեն, նշանակում է Փաշինյանի քաղաքականությունը` հակամարտության և ընդհանրապես Արցախի հարցում, անընդունելի է նրանց համար։ Եթե անգամ չնչին տարբերությամբ այլ թեկնածու ընտրվի, էլի Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի։ Թեկնածուներից Վիտալի Բալասանյանին ենք ընդգծում, քանի որ հենց նա է հրապարակավ կոշտ արտահայտվում Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
2․«Հրապարակ» թերթը գրում է, որ Լիլիթ Մակունցը մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համբարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն և հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել:
Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը:
Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռեւս ժողովրդավարության գրավական չէ:
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ ԵՊՀ-ում հետաքրքիր զարգացումներ են՝ ռեկտորի՝ մարտի 23-ի ընտրություններին ընդառաջ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները հիմա ունեն նոր ֆավորիտ, ուզում են տապալել համալսարանի ռեկտորի ընտրությունները ամսի 23-ին` հանուն իրենց ֆավորիտի, նրան նշանակել նոր ԺՊ, ապա ընտրել ռեկտոր:
Խոսքը Ռուբեն Կարապետյանի մասին է, ով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի հնաբնակներից է, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ, որը 2008-ին միացավ հայտնի դիվանագետների հայտարարությանը, դեսպան է եղել թե՛ մերձավորարևելյան երկրներում` ընդհուպ Սիրիա, թե՛ եվրոպական` ընդհուպ Իտալիա:
Ընտրությունները տապալելու են և ԺՊ նշանակելու, որովհետեւ նա այս պահին չի կարող դառնալ ռեկտոր՝ դոկտոր է, բայց չունի պրոֆեսորի կոչում։ 2 շաբաթ առաջ, արագ ռեժիմով, ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց նրա պրոֆեսորի կարգավիճակը, ուղարկեց ԲՈԿ, էնտեղ էլ արագացված կարգով կանեն այդ գործը, և Կարապետյանը մի երկու ամսից կընտրվի ռեկտոր, կամ էլ ևս 6 ամիս համալսարանը կրկին կղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:
4․«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ 2020 թ. փետրվարի 10-ին կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տևական ժամանակ եղել է ԱԱԾ-ի տեսադաշտում, և դեռ ավելին՝ նրա աշխատասենյակում գաղտնի կերպով տեղադրված են եղել օպերատիվ տեսախցիկներ, որոնք էլ արձանագրել են, թե ովքեր են մտել նրա աշխատասենյակ, ինչ հարցով և այլն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործով մեղադրյալ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը իրավապահներին ասել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» և ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները:
Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին և մտերիմ լինելով նրա հետ, ցանկություն է հայտնել այդ հուշամեդալները գնել: Վահագն Վերմիշյանը համաձայնել է, և Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, և այդպես էլ արել են:
Գալստյանի տարած գումարը Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է օպերատիվ տեսախցիկներով, ու հենց այդ տեսանյութն էլ՝ իբրև կաշառքի ապացույց, ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը, անդրադառնալով Վերմիշյանի ձերբակալությանը, հայտարարեց. «Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի և 2018 թ.Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխոխության հասցեին»:
5․«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Իրատեսի» հետ զրույցում վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը, որին մասնակցել են Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որևէ կողմինը չի եղել:
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ»,- թերթի հետ զրույցում նշեց Մանե Գեւորգյանը:
«Իրատեսի» հետ զրույցում նույն պատասխանը տվեց նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նորից չհստակեցնելով, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը: Վստահեցրեց՝ ներքաղաքական որևէ հարցի շուրջ չեն զրուցել:
ՀՅԴ-ականների հանդիպումը Փաշինյանի հետ մի հստակ մեսիջ ունի՝ ուղղված իշխանությունների կողմից հրապարակ նետվող այն թեզին, թե հայաստանյան իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով ներսի ու դրսի դաշնակցականների միջև տարաձայնություններ կան։ Անհասկանալի է, թե որն է եղել հանդիպմանը Զարեհ Սինանյանի ներկա լինելու տրամաբանությունը, եթե, ըստ Սաղաթելյանի ու վարչապետի մամուլի խոսնակի, բացառապես տարածաշրջանային հարցեր են քննարկվել:
Բացի այդ՝ Սինանյանը Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ մոտ երկու շաբաթ առաջ է հանդիպում ունեցել, հետևաբար՝ ի՞նչ նոր օրակարգի շուրջ է եղել խոսակցությունը:
Այս ամենի ֆոնին ուշադրության է արժանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ, ըստ թերթի տեղեկությունների, կաթողիկոսը դժգոհություն է հայտնել Սինանյանի գործելաոճից: Բացառված չէ, որ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման ժամանակ նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատաոճն է դարձել քննարկման առարկա»:
6․ «Փաստ» թերթը գրում է. «Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, հարցը միայն ղեկավարներին նշանակելով չի ավարտվելու: Վերջին շրջանում շատ է խոսվում ուժային կառույցների աշխատանքի վերաբաշխման, ընդհանուր համակարգերում ամբողջական վերադասավորումների ու նոր բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Որոշ ուժեր, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվող անձինք, հիմնականում առաջ են քաշում այն պնդումը, որ ուժային կառույցները խորհրդային կարգերի ժառանգություն են, և այնտեղ պետք է փոխել ամեն ինչ՝ առաջին հերթին հոգեբանությունը։
Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է ոստիկանությունը դարձնել ներքին գործերի նախարարություն, սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները, բայց նրանցից ավելի շատ՝ մերձիշխանական սատելիտ գործիչներն ու ՀԿ ներկայացուցիչները բավականին ակտիվորեն խոսում են ԱԱԾ-ում լուրջ վերադասավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին։ Տարբեր հարցազրույցներում եւ մեկնաբանություններում նշվում է, թե «ժամանակն է, որ ԱԱԾ-ն, որպես կառույց, արմատապես փոփոխվի»:
7․ «Իրատես» թերթը գրում է, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգևորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։ Բանն այն է, որ Մասիսը, խառնվելով Սյամոյի արկածախնդիր, մի քանի անգամ դատվածության «սինդրոմին», կարող է կորցնել իր «ցիվիլ» մարդու համբավը, մանավանդ որ «կոմանդույուշչին» ու իր կողմնակիցները չեն երկնչում իրենց ու Մասիսի «դուխի» առավելություններից այստեղ-այնտեղ խոսելու գայթակղությունից:
Սակայն ասում են` «ամենացնցողը» եղել է այն, որ մեխանիկական այդ միասնությունը արվել էր «սորոսակաների» հետ համագործակցության մեջ մեղադրվող Մասիսի երեսը «պարզ անելու» համար, որովհետև Սյամոն Ղարաբաղը ռուսական պրոտեկտորատի տակ տեսնելու մարմաջ ուներ, եզրերը հավասարակշռելու` կոմպլեմենտարիզմով։
Սակայն Սյամոյի` Ռուսաստան մուտքի արգելափակման հետ կապված լուրերը փլուզել են նաև այդ միֆը, և հիմա երկուսն էլ հայտնվել են կոտրված տաշտակի առաջ` ամենքը յուրովսանն»:
8․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անհատական քննարկումներում կարծիք է շրջանառվում, որ այս ոլորտում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարը շատ լուրջ, հետեւողական, բայց եւ զգուշավոր աշխատանք է պահանջում: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա փոխել քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր մթնոլորտը, դատապարտյալների կենսապայմաններն ու կենսակերպը:
Ի դեպ, թերթի զրուցակիցը նշում էր, որ «նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդները» առանցքային տեղ են գրավում այս ոլորտի ղեկավար կազմերում, ինչը իշխանությունների համար եւս մեկ խթան է լուրջ փոփոխություններ իրականացնելու։ Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացվեց, որ արդեն երկու ՔԿՀ-ում փոփոխություն է եղել: Սպասվում է շարունակություն»:
9․ «Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով նախորդ օրը մեկնել է Բրյուսել, ուր հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նրա հետ են նաև Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:
Ինչպե՞ս է շրջանցել Սերժ Սարգսյանը չբացակայելու մասին ստորագրություն-խափանման միջոցը՝ հարցրինք նրա պաշտպան Ամրամ Մակինյանին։
«Իրավակարգավորումը ենթադրում է, որ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հնարավոր չէ երկրից դուրս գալ. քանի որ երրորդ նախագահն ունեցել է նախապես պլանավորված աշխատանքային այց, օրենքով սահմանված կարգով դիմել ենք վարույթն իրականացնող մարմին` երկրից դուրս գալու թույլտվություն ստանալու համար՝ ստացել ենք»: Կարող էին թույլ չտալ։ «Մենք հիմնավորել էինք այցի նպատակը»։
10․«Իրավունք» թերթը գրում է. «Դեռևս ամիսներ առաջ աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի ժամանակ:
Նա մասնավորապես, նշել է. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ: Սակայն շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, որ կթռչի տիեզերք»:
Ասվածը, թվում է թե, անլուրջ է, սակայն պարզվում է՝ ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին:
Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տիեզերական գործունեության մասին» և կից օրենսդրական փաթեթը:
Ըստ նախագծի՝ փոփոխություններն ու լրացումները վերաբերում էին տիեզերական ոլորտում բարձր տեխնոլոգիական ընկերություններին հարկային արտոնություններ տալուն և այն լիցենզավորման ոլորտ տեղափոխելուն»:
11․ «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաև ծանր տեխնիկա, այդ թվում` հրթիռներ: Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները:
Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի: «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,- մանրամասնել է Ա. Հովհաննիսյանը:
«ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին: Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






