ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմուկ բարձրացրած դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած «կողմ» քվեարկությունները, այսպիսով, փաթեթն ընդունվեց:
Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կկրճատվի՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի Կփոփոխվի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը::Հանձնաժողովի կազմում նախատեսվում է ընդգրկել ութ անդամ, որոնցից երկուսը մասնագիտացված դատարանների դատավորներից յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից մեկ դատավոր, երկուսը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում առաջարկվում է ընդգրկել 2 հեղինակավոր իրավաբան-գիտնական հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի և նշվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 5 անդամ: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում դրանց քննության, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ: Առաջարկվում է վերացնել դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաև առաջարկվում է իջեցնել դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դարձնելով 25:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներից շատերն աննպատակահարմար են համարել նախագծի ընդունումն այս տեսքով, հատկապես անընդունելի է համարվել դատավոր աշխատելու համար տարիքային շեմի իջեցումը: Ըստ նրանց՝ 25 տարեկան երիտասարդը կենսափորձ չունենալու պատճառով ի զորու չի լինելու մարդկային ճակատագրեր որոշել, թեև կարող է տեսական խոր գիտելիքներ ունենալ: Այս դիրքորոշումն արտահայտել են հիմնականում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:
Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ միանշանակ չէին նաև «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների տեսակետը. նրանցից ոմանք կարծում էին, որ դատական համակարգը նախապես պետք է զտել անբարեխիղճ դատավորներից, այնուհետև կատարել նման հսկայածավալ փոփոխություններ: Հնչել են նաև տեսակետներ, թե առաջարկվող փոփոխությունների արդյունքում չի ապահովվելու դատական համակարգի անկախությունը: «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների կարծիքով՝ ոչ այնքան կարևոր է դատավորի տարիքը, որքան նրա անկաշառությունն ու անբիծ կենսագրությունը, հետևաբար տարիքը չի կարող խոչընդոտ լինել՝ իրականացնելու համար արդարադատություն:
Քվեարկությունից առաջ վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում արդեն քննարկման էին ներկայացրել իրենց մտահոգությունները, և իրենց խմբակցությունն այսօր դեմ կքվեարկի: Խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: «Եթե առաջարկություններն ընդունվեն, և դատավորների անկախության, զտման գործընթացի հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







