1․«168 ժամ» թերթը գրում է, որ «Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով և ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։
«168 ժամի» աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ ՌԴ իշխանությունները ոչ միայն Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել, այլև պնդում են, որ, եթե նույնիսկ Մասիս Մայիլյանն ընտրվի Արցախի նախագահ, այդ արգելքը շարունակելու է մնալ ուժի մեջ, և Մասիս Մայիլյանը չի կարողանալու այցելել ՌԴ:
Նման որոշում կայացնելու պատճառը, ըստ մեր աղբյուրների՝ Մայիլյանի արևմտյան սերտ կապերն են, որոնք այս ընթացքում արտահայտվում են նաև ՀՀ իշխանության մեջ արևմտամետ ներկայացուցիչների անթաքույց աջակցությամբ:
2․«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունում քննարկել են, որ սահմանադրական հանրաքվեի ձախողումը պարտադիր հետևանքներ է ունենալու քաղաքական թիմի համար՝ կառավարության կազմի հիմնովին փոփոխությունից սկսած, վերջացրած պատգամավորների մանդատներ վայր դնելով։
Իշխանության թերթի աղբյուրն ասել է, որ նշաձող է սահմանվել․ եթե իշխանությանը չհաջողվի գոնե 500 հազար ձայն հավաքել, ապա ամեն մեկն իր մաշկի վրա զգալու է դրա «հետևանքները»։ Իսկ եթե հավաքեն 650 հազար և ավելի՝ անխնա գործողություններ կսկսեն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ՝ իրենց քննադատող ԶԼՄ-ներից սկսած, վերջացրած քաղաքական գործիչներով, հատկապես՝ արմատական։
Ըստ աղբյուր՝ «Այո»-ի հաղթանակի համար՝ մի երկու օր կհանդիպեն քաղաքացիներին, կասեն՝ եթե չեք ուզում «այո»-ն հաղթի, ուրեմն պատրաստ եղեք, որ նախկինները հետ են գալու, ու մարդիկ սարսափած կգնան «այո»-ին կողմ կքվեարկեն։
3․«Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են: Թերթի աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է: Վերջինիս հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Վահրամ Դումանյանը ՀԱԿ համակիր է, Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը, իսկ Սամվել Կարաբեկյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը:
ԿԳՄՍ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում աջակցել է հենց Սամվել Կարաբեկյանը: Բացի դրանից, Վահրամ Դումանյանը, Սամվել Կարաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շարժման ակտիվ մասնակիցներ են:
4․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում: Այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը:
Այս օրերին մի քանի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում: Հարցին՝ իշխանությունների սրտով են արդյոք այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար, վերջինս պատասխանեց. «Իշխանությունը խնդիր չի դրել իր առջև, որ որևէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի»:
5․«Փաստ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
Այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հանրային կարծիքը, մեղմ ասած, միանշանակ չէ. մի կողմից՝ հանրությանը միանշանակ հուզում է, թե, ի վերջո, թերացե՞լ են արդյոք 2016-ին ՀՀ իշխանությունները, կամ եղե՞լ են լուրջ բացթողումներ ու թերացումներ։ Մյուս կողմից՝ քիչ չեն տեսակետները, որ այս քննիչ հանձնաժողովի գործողությունները ոչ այնքան մասնագիտական ուղղվածություն ունեն, որքան քաղաքական։
Այս օրերին էլ տարբեր տեղեկություններ են շրջանառվում այս կամ այն պաշտոնյային հանձնաժողով հրավիրելու մասին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ նախատեսվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել մինչև ապրիլի սկիզբ, իսկ քննարկումը, բնականաբար, անցկացնել փակ ռեժիմով։
Երրորդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին, ի դեպ, քանիցս հայտարարել է նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն ուշագրավ են ստացվող տեղեկությունները, որ իշխանությունները պլանավորում են Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել հենց ապրիլի սկզբին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






