ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն սեփական աշխատանքային պլանը, որի մեջ մտնում են ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների, ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումները․ այս մասին այսօր՝ մարտի 4-ին, խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:
Մեկնաբանելով թուրքական կողմի հետ համանախագահների հանդիպումը, նախարարը նշել է․
«Նման հանդիպումները նորություն չեն, այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Դրանք պլանային հանդիպումներ են։ Համանախագահները կատարում են իրենց գործառույթները», — ասել է
Մնացականյանը։ Նախարարն ընդգծել է, որ միակ բանը, որ տարբերել է այս հանդիպումը մյուսներից, թուրքական կողմի մեկնաբանությունների առկայությունն է։
Նա նշել է, որ հայկական կողմը համանախագահների հետ աշխատում է լիակատար փոխվստահության մթնոլորտում, գիտի նրանց մոտեցումները և տեղյակ է նրանց աշխատանքային պլանից: Նրա խոսքով, թուրքական կողմի հետ հանդիպումն ամենևին էլ առաջինը չէր, դրան նախորդել են ԵԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նախատեսված են նաև այլ հանդիպումներ:
«Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂՀ-ի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»,-ասաց նա:
Նախարարը նշել է, որ Թուրքիայի հայտարարությունները չեն կարող ստիպել հայկական կողմին էմոցիոնալ հայտարարություններ անել, Երևանը միայն կշարունակի հայտարարել այդ հարցում իր դիրքորոշման մասին։
«Եթե ինչ-որ մեկն ինձանից էմոցիոնալ պատասխան է սպասում, դա չի լինի», — ընդգծել է Մնացականյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






