Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը հանդես եկան քննադատական մոտեցմամբ։
Ըստ Աբովյանի՝ կառավարության առաջարկած դատական բարեփոխումները չպետք է քննարկվեն փաթեթով, յուրաքանչյուր փոփոխություն պետք է քննարկվի առանձին։
Նրա խոսքով՝ ներկայացված բոլոր փոփոխություններն իրենց բովանդակությամբ և հնարավոր հետևանքներով այնքան կարևոր են, որ դրանք փաթեթում ներկայացնելն ուղղակի անընդունելի է։
Աբովյանն անդրադարձավ նաև ցավոտ թեմային՝ դատավորների տարիքային ցենզի նվազեցմանը՝ նշելով, որ երեկվա ուսանողը չպետք է լուծի ցմահ բանտարկության հարցը։
Ընդդիմադիրի հետ որոշակի առումով համաձայնել է նաև իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Արթուր Դավթյանը։
«Անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել խնդիրը, որպեսզի այն արմատախիլ արվի, այլ ոչ թե նորը ստեղծվի», — ասաց պատգամավորը: Նա նշել է, որ հնարավոր է սահմանափակել այն գործերի շրջանակը, որոնք կարող են վարել երիտասարդ դատավորները։
Պատգամավորը քննադատել է նաև այն ուղղումը, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները կայացվելու են բաց քվեարկությամբ։ Նա վստահ է, որ դա կսահմանափակի խորհրդի անդամների ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։
Իր հերթին Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ եթե ներկայացված դատաիրավական բարեփոխումների նպատակը դատական համակարգի ռեստարտն է, ապա այդ փաթեթով նախատեսված նպատակին հասնել չի հաջողվի։
Նրա գնահատմամբ՝ բարեփոխումներով ներկայացված դատական համակարգը կախվածության մեջ է դրվում տարբեր պետական ինստիտուտներից։
«Անձամբ ինձ համար միևնույն է, թե արդյոք դատական համակարգը կախված է նախորդ իշխանություններից, թե ներկայիս իշխանության տարբեր գերատեսչություններից», — հայտարարել է նա:
Զոհրաբյանը զարմանքով նշեց, որ երբ խոսքը վերաբերում է դատավորների փորձին, «Իմ քայլը» խմբակցության անդամները չգիտես՝ ինչու սկսում են փորձը հավասարեցնել կաշառակերության և բեսպրեդելի հետ:
«Ով ասաց, որ փորձ ունեցող դատավորների մեջ բարեպաշտներ չկան»,-ընդգծեց նա՝ հավելելով,որ ներկայացված բարեփոխումը լավ գաղափար է վատ կատարման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






